Դատավորների ընդհանուր ժողովը նշանակեց Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներին

2013թ. սեպտեմբերի 20-ին կայացավ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր Ժողովի նիստ: Օրակարգի հարցերն էին Արդարադատության ակադեմիայի խորհրդի կազմավորման համար երեք դատավորի նշանակումը, կազմակերպչական բնույթի հարցերի քննարկումը:

Այսպես. համաձայն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը:

Համաձայն նույն օրենքի 5-րդ հոդվածի Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, որի կազմում են արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ իր տեղակալը, երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, և երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր Ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ:

Սույն հարցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր Ժողովի կողմից կայացված գաղտնի քվեարկության արդյունքում որպես Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամ ընտրվել են` 

1. քաղաքացիական մասնագիտացմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը 4 տարի ժամկետով

2. վարչական մասնագիտացմամբ` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը 3 տարի ժամկետով

3. քրեական մասնագիտացմամբ` ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին 2 տարի ժամկետով:
Ընդհանուր ժողովում դատավորները քննարկեցին նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել