Երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով։
Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը և աշխատողները, ինչպես նաև որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը:
Վերը նշված անձինք, որոնք հրապարակում են երեխայի որդեգրման գաղտնիքը նրա որդեգրողների կամքին հակառակ, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Մասնավորապես, որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ հրապարակելն այն անձի կողմից, ով որդեգրման փաստը պարտավոր էր պահպանել որպես ծառայողական կամ մասնագիտական գաղտնիք, կամ այդ գաղտնիքն այլ անձի կողմից շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հրապարակելը, ինչպես նաև որդեգրման նպատակով որդեգրվողի օրինական ներկայացուցչի կամքին հակառակ նրան որդեգրման համաձայնություն տալուն շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հակելը կամ հարկադրելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: