2023թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ:
Ներկա փաստաբանները ցավով արձանագրեցին իրավասու մարմինների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:
Ներկաներն արձանագրեցին նաև, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել և փաստաբանների կողմից իրականացված բողոքի ակցիաները, այդ թվում՝ մեկ օրյա դատարաններից և նախաքննության մարմիններից հրաժարվելու ակցիան, որևէ արդյունք չեն տվել:
Այս ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ միջոցառումները՝
- 13.06.2023թ. Փաստաբանների պալատը կազմակերպել է մամուլի ասուլիս՝ ոստիկանների կողմից փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.
- 13.06.2023թ. Փաստաբանների պալատում հրավիրվել է ակումբի նիստ՝ ոստիկանների կողմից փաստաբանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.
- 13.06.2023թ. Փաստաբանների պալատը պաշտոնապես դիմել է մի շարք միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE), Եվրոպայի Խորհրդի գրասենյակին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Իրավաբանների միջազգային Միությանը և Եվրոպայի երիտասարդ իրավաբանների միությանը՝ փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.
- 15.06.2023թ. Փաստաբանների պալատը դիմել է մի շարք միջազգային թիրախային կազմակերպությունների՝ այդ թվում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեյին, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնին, Իրավաբանների միջազգային հանձնաժողովին, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությանը, Ամնեստի ինտերնացիաոնալին, Մարդու իրավունքների դիտորդ/Հյուման ռայթս ոչ կազմակերպությանը/, Մարդու իրավունքների միջազգային ծառայությանը, Ֆրիդոմ Հաուզին, Փարիզի փաստաբանների պալատին, Իրավապաշտպանների իրավապաշտպաններ կազմակերպությանը.
- 15.06.2023թ. Փաստաբանների պալատը գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներում վերջերս տարածում գտած խոշտանգումները վերացնելու համար.
- 15.06.2023թ. Փաստաբանների պալատը գրավոր դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, ինչպես նաև ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները անհապաղ դադարեցնելու համար.
- 15.06.2023թ. Փաստաբանների պալատը գրավոր դիմել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ՀԿԳ քննիչ Ալիկ Մաթևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև փաստաբաններ Կարեն Ալավերդյանի, Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի ծեծի հետ կապված վարույթներով նախաքննության իրականացումը սեղմ ժամկետներում ապահովելու համար.
- 16.06.2023թ. փաստաբանները երթով այցելել են Եվրոպայի Միության Հայաստանյան գրասենյակ: ԵՄ պատվիրակության ընտրությունը հատկանշական էր եվրոպացի գործընկերներին իրազեկելու առումով, որ ՀՀ դատաիրավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին.
- 16.06.2023թ. Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE) ՀՀ նախագահին գրություն է ուղարկել՝ դատապարտելով փաստաբանի նկատմամբ բռնությունը.
- 19.06.2023թ. փաստաբաններն իրականացրել են բողոքի ակցիա ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Փաստաբանները հեռուստացույց են նվիրել գլխավոր դատախազին՝ ի նշան նրա այն արտահայտության, որ չի մտաբերում որ փաստաբան է ենթարկվել բռնության.
- 20.06.2023թ. փաստաբանները բողոքի ակցիա են անցկացրել ՆԳՆ նախարարության դիմաց՝ հատուկ թիկնոցով և սաղավարտով: ՆԳ նախարարին է հանձնվել նաև բռնություն կատարած ոստիկանների հեռացման պահանջը, որին միացել են շուրջ 900 փաստաբան.
- 21.06.2023թ. Եվրոպայի երիտասարդ իրավաբանների միությունը դատապարտող հայտարարություն է տարածել փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ.
- 26.06.2023թ. փաստաբաններն իրականացրել են մեկօրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.
- 26.06.2023թ. փաստաբանները քայլերթ են իրականացրել դեպի Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին, որտեղ բռնցքամարտի ձեռնոցներ են նվիրել Կենտրոնական բաժնի պետին.
- 27.06.2023թ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ և ներկայացրել է նաև փաստաբանների բռնությունների հետ կապված խնդիրները.
- 30.06.2023թ. Փաստաբանների պալատի ներկայացուցիչները մասնակցել են Ազգային ժողովում կայացած «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկմանը: Ներկայացվել է փաստաբանների կողմից մշակված օրենքի նախագիծը, որով փաստաբանների համար կամրագրվեն լրացուցիչ երաշխիքներ.
- 30.06.2023թ. բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանը հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին.
- 04.07.2023թ. Փաստաբանների պալատը դիմել է միջազգային կառույցներին՝ ներկայացնելով արդեն կատարված քայլերը:
- 04.07.2023թ. Փաստաբանների պալատը դիմել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Անգլիայի դեսպանատներին՝ ներկայացնելով իրավիճակը և Պալատի կողմից նախաձեռնված քայլերը:
Փաստաբաններն արձանագրում են, որ այս անգործության պայմաններում 2023թ. փետրվարին և հունիսին փաստաբանների նկատմամբ կատարված բռնությունների պատասխանատվությունն ընկնում է նաև 2023 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության պետ հանդիսացող Արամ Հովհաննիսյանի վրա:
Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով, որոշեցին՝
– պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Կառլենի Հովհաննիսյանի հրաժարականը.
– եռօրյա բողոքի ակցիա իրականացնել 2023 թվականի հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.
– փաստաբանական համայնքում հարցումներ անցկացնել ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին «Փաստաբանության թշնամի» հռչակելու կապակցությամբ:
Հ.Գ.1. Բողոքին միացած փաստաբանները ծայրահեղ դեպքերում կարող են ապահովել վստահորդի իրավունքների պաշտպանությունը:
Հ.Գ.2. Այս պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացման համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը:
Հ.Գ.3. Բողոքի ակցիաներից կարճ ժամանակ հետո հրավիրվելու է ակումբի նիստ քննարկելու համար հաջորդ գործողությունների պայմանները: