Միջազգային հանրությունն անգամ տեր չկանգնեց Հաագայի դատարանի որոշման կատարմանը․ Գուրգեն Ներսիսյան

Դեռևս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ գոյություն ունի Արցախի ժողովրդի երաշխավորված անվտանգություն, Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորված պաշտպանություն։ Այո, 2020 թվականի 44-օրյա պատերազմից օրերից սկսած՝ քաղաքացիական անձանց սպանություններից ու խոշտանգման, գլխատման, անդամահատման դեպքերից սկսած Արցախի ժողովրդին գերեվարելու, շրջափակման մեջ վերցնելու, սովահարության ենթարկելու գործողություններով ավարտված, այս ամենը մեր ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանության փայլուն երաշխիքներ են։

Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, Ստեփանակերտ-Երևան ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այս ամենը չտեսնելու տալով՝ առաջին իսկ օրվանից մեր կողմից ներկայացվող ադրբեջանական գործողությունների մեր կողմից բարձրաձայնվող իրավական նպատակներն ու ծրագրերը անտեսելով ու իրադարձությունների մեր մեկնաբանությունների վրա աչք փակելով՝ միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Արցախի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներևակայելի ոճիրին։

Միջազգային հանրությունն անգամ տեր չկանգնեց Հաագայի դատարանի որոշման կատարմանը, մի դտարանի, որի ընդունած որոշումը պետք է դիտարկվեր ու ընդունվեր որպես քաղաքակիրթ աշխարհի միաձայն ու աներկբա որոշում, որի չկատարումը հիմա պետք է կարմիր լույսի պես վառվեր բոլոր պետություններում։ Բայց նույնիսկ այս ամենից հետո դեռևս ուշ չէ։ Խնդրում ենք գոնե հիմա լսել այս իրադարձությունների կիզակետում գտնվող մարդկանց։ Մեզանից շատ որևէ մեկն այս տարածաշրջանում խաղաղություն չի ուզում։ Աջակցեք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը, բայց գիտակցեք, որ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Արցախի ժողովրդին էթնիկ զտման գնով»,-ասաց Արցախի պետնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել