Պարտապանի մոտ հայտնաբերված դրամով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան այն առգրավելու հաջորդ օրը, հանձնում է բանկ` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դրանք փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին: