Դատարանի որոշմամբ՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից 668 հազար դրամ կբռնագանձվի

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։

Գործը մակագրվել էր դատավոր Ժաննա Ասատրյանին։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ մայիսի 26-ին հրապարակվել է գործով վճիռը՝ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների հետ միասին։

Դիմելով դատարան՝ համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ Վահագն Ալեքսանյանի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև 2019-ի սեպտեմբերի 5-ին կնքվել է վճարովի կրթական ծառայություններ մատուցելու մասին պայմանագիրը։ Այնուհետև, ռեկտոր Արմեն Դարբինյանի 2021-ի փետրվարի 12-ի հրամանով՝ պատասխանողը հեռացվել է համալսարանից․ «Պատասխանողը պարտավոր էր կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունը, այն է՝ վճարել 655 հազար 500 հարյուր դրամ՝ որպես ուսման վարձավճար, սակայն պատասխանողը չի կատարել վճարումը»։

Պատասխանող Վահագն Ալեքսանյանը հայցադիմումի պատասխան, առարկություն դատարան չի ներկայացրել, հակընդդեմ հայց չի հարուցել, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետում և կարգով որևէ ապացույցներ, ինչպես նաև միջնորդություններ դատարան չի ներկայացրել:

Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, եկել է հետևյալ եզրահանգման. «․․․Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է նշում հայցվորի փաստարկները դատարանի պատճառաբանություն համարելու վերաբերյալ, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը: Դատարանը, գործը քննելով պարզեցված վարույթի կարգով հիմք ընդունելով նշված իրավակարգավորումը և հայցվորի փաստարկները՝ ներկայացված ապացույցների հիմքով, համարում է հիմնավոր և այն համարում է դատարանի պատճառաբանություն՝ գտնելով, որ հայցը հիմնավոր է և ենթակա բավարարման»:

Այսպիսով, դատարանը բավարարել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայցն ընդդեմ Վահագն Ալեքսանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Ազգային ժողովի պատգամավորից հօգուտ համալսարանի պետք է բռնագանձվի ընդհանուր 655 հազար 500 դրամ, ինչպես նաև 13 հազար 110 դրամ վճարված պետական տուրքը:

Նշենք, որ պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից տասնհինգօրյա ժամկետում: Վճիռը կարող էր բողոքարկվել միայն վերաքննության կարգով Վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն «Դատալեքս»-ում այդ մասին նշումներ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել