ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունիսի 27-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը:
Կարեւորվել է ՀՀ խորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի առանցքային դերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում:
Հայկ Կոնջորյանը կարեւորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնում այսօր կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց:
Դեսպան Քրիստինա Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունն ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին: