Երևանում Լևոն Հայրապետյանի անվամբ փողոց անվանակոչվեց

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցից, հասնում՝ Շահամիրյանների փողոց) կանվանակոչվի հայ բարերար Լևոն Հայրապետյանի անվամբ՝ «Լևոն Հայրապետյան փողոց»:

Այս մասին որոշումը Երևանի ավագանին ընդունեց այսօր՝ հունիսի 27-ին։

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թվականի մարտի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվել է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։

Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանն իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն մխ տարողությամբ ջրամբարի կառուցումը Խաչեն գետի վրա։ Միայն 26 մ բարձրությամբ ամբարտակի կառուցումը բարերարին արժեցավ 7 միլիոն դոլար։ Նույն 2007 թվականին Լևոն Հայրապետյանը կազմակերպեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի կազակների այցը Հայաստան և Արցախի Հանրապետություն՝ ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, իշխան Վալերիան Մադաթովի 225-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում։

2008թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։

Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Այս նախաձեռնության իրականացման համար «Լևոն Հայրապետյան» ֆոնդի միջոցներով իրականացվեց Վերածննդի հրապարակից մինչև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների լիակատար վերանորոգում։

Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ, բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգիները, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։

Հայրապետյանի առաջնային ծրագրերից էր համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը։ 2012 թվականին Լևոն Հայրապետյանը իրագործեց նախաձեռնությունը և ֆինանսավորեց ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ պետք է տեղակայվեր գործող ռազմական գիմնազիա։

Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ. հոկտեմբերի 18-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել