Ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու գործով մեղադրանք է ներկայացվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու պարեկ, Ավան վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան: Մոտենալով վարորդին՝ Երևանի 46-ամյա բնակչուհուն, պարեկներից մեկը խնդրել է ներկայացնել ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը, որին ի պատասխան՝ կինը հայտնել է, որ ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն իր մոտ չէ և խնդրել է սպասել, մինչև կմոտեցնեն: Մինչ այդ հիշյալ կինը թույլ չի տվել, որպեսզի պարեկները նույնականացում կատարեն, ինչպես նաև հրաժարվել է տրամադրել անձնագիրը՝ հայտնելով կեղծ տվյալներ, որոնք մուտքագրելիս որևէ տվյալ չի հայտնաբերվել: Բազմաթիվ պնդումներից հետո, երբ կինը թույլ է տվել նույնականացնել դեմքով, պարզվել է, որ վարորդական իրավունքի վկայական չունի: Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան երթևեկել է ոչ իրական հաշվառման համարանիշներով, չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր, տեխնիկական զննությունը ժամկետանց է եղել կամ բացակայել է:

Պարեկային ծառայության աշխատակիցները ցանկացել են կազմել արձանագրություններ, որի ժամանակ նրանց են մոտեցել մի շարք քաղաքացիներ՝ շուրջ 8 տղամարդ, որոնք գտնվել են ոչ սթափ վիճակում, հնչեցրել հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ: Նշված քաղաքացիներից մի քանիսը մոտեցել և փորձել են խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին՝ թույլ չեն տվել կազմել արձանագրություններ: Այդ ընթացքում մոտեցել են օժանդակ ուժեր և հիշյալ 4 տղամարդկանց վարչական ձերբակալման ժամանակ 46-ամյա կինը դուրս է եկել ավտոմեքենայի սրահից, հայհոյել, երկու ձեռքով հարվածներ հասցրել պարեկի դեմքի շրջանում՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք: Բացի այդ, անհետացել է նաև հիշյալ պարեկին կցված տեսախցիկը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ տղամարդկանցից երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա կնոջ և տղամարդկանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ մյուս տղամարդու նկատմամբ կիրառվել է գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել