Արցախը 197 օր է` շրջափակման մեջ է։
Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Բացի այդ, հունիսի 26-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու՝ 11 ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուների՝ 8 ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 31 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում»,-նշվում է հայտարարության մեջ։
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովին:
«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում ուժի կիրառումը զսպելուն և կայունության ամրապնդմանն ուղղված վճռական հայտարարությունները, որոնք հնչել են ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության թեմայով լսումների ժամանակ: Դա արդյունավետ է բանակցությունների նախաշեմին»,- գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը: