Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է: 14 գլուխներից բաղկացած նրա գիրքը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 7-6-րդ դարերին: Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, ով դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուգոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում իր խելքի ու օժտվածության շնորհիվ կարևոր պաշտոն ստացել:
Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն ամբաստանությունից փրկելու և հետո էլ Նաբուգոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ Ժ): Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածների պաշտելու մեջ և պահանջում թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ՝ սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետև ինքն ուղիղ է սրտով և որևէ հանցանք չի կատարել արքայի դեմ:
Նաբուգոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից և փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ:Անանիա, Ազարիա և Միսայել (Բաբելոնում վերանվանվեցին Սեդրակ, Միսաք և Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում և Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուգոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցը:
Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն և Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուգոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց, օրհնում և երկրպագում Աստծուն: Դանիել մարգարեի և իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալստի չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: Դանիել մարգարեի և երեք մանկանց հույսի և հավատի դրսևորումը ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որովհետև Տերը երբեք չի լքում իր հոտին և մշտապես ունկնդիր է մեր աղոթքներին` իր զորավոր Աջով օգնական և պահապան լինելու ամենքին, «որ ի Տէր յուսացան»: