Մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը:

Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել`

ա) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով,

բ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները,

գ) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդները:

Երրորդ փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ ստանալու անձնական համար: Դպրոցը դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում:

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է`

  • 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ    հարյուր) դրամ:

Միասնական, ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլի գործընթացը կավարտվի հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին:

Երրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից փոխանցվելու են առանձնացված դպրոցներ և դիմորդի էլեկտրոնային հասցեին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել