Փաստաբանների պալատն այսօր գործադուլ է հայտարարել

Փաստաբանների պալատն այսօր՝ հունիսի 26-ին, գործադուլ է հայտարարել։

ՓՊ-ից հայտնում են, որ թեման, ըստ էության, պետական իրավասու մարմինների ոչ համարժեք արձագանքն է (արձագանքի բացակայությունը) փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում կիրառվող բռնությունների վերջին դեպքերի առնչությամբ:

Այսօր նաև երթ կիրականացվի՝ Պալատի վարչական շենքից դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ վերջերս փաստաբանի նկատմամբ կիրառվել էր բռնություն:

«Փաստաբանները բաժնի պետին փոխանցելու են իրենց խորհրդանշական նվերը»,-ասված է հայտարարությունում։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն էլ հայտնել է, որ ՀՀ սահմանադրությամբ` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով, երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:

«Հունիսի 26-ը խորհրդանշական օր է՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է և այդ օրը տեղին է հիշեցնել մեր հասարակության կարևորոգույն ինստիտուտի՝ Փաստաբանության դերի ու նշանակության մասին:

Հետևաբար
փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման առկա խոչընդոտները կանխելու, փաստաբանների խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ապահովվելու նպատակով՝

2023 թվականի հունիսի 26-ին իրականացնելու ենք մեկ օրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել