ԱՀ ԱԳՆ-ն ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունման մասին

Արցախի Արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունման կապակցությամբ․

«Հարկ ենք համարում նշել 2023 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ  ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ինչպես նաև անհապաղ իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ի կողմից կիրառված միջանկյալ միջոցները և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։

Ճանաչելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից ուժի կիրառման փաստը` Լաչինի միջանցքի արգելափակմանն ուղղված Բաքվի միակողմանի գործողությունները, որոնք հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների ոտնահարմանը, ԵԽԽՎ-ն առաջին անգամ արձանագրում է Ադրբեջանի կողմից ԵԽ-ի նկատմամբ իր կանոնադրական և կոնվենցիոն պարտավորությունների, ինչպես նաև կազմակերպությանն անդամակցության ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ ստանձնած հանձնառության խախտումը:

Կարևորում ենք նաև Վեհաժողովի եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իրենց տները, եթե հակամարտությունը չլուծվի քաղաքական ճանապարհով։ Այս կապակցությամբ ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս միջազգային կազմակերպությունների և ընդհանրապես պետությունների հանրության ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի ավելի լայն քաղաքականության մի մասն է, որի նպատակը էթնիկ զտումներ իրականացնելն է։

Էական ենք համարում այն փաստը, որ ընդունված բանաձևում ԵԽԽՎ-ն հստակ արձանագրում է Ադրբեջանի կողմից պարտադրված ապօրինի շրջափակման և կանխամտածված էներգետիկ ճգնաժամի ստեղծման արդյունքում Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դրանց աղետալի մարդասիրական հետևանքները, և կոչ անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։

Ամբողջովին կիսում ենք բանաձևում արտահայտված մտահոգությունը՝ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից օգտագործվող թշնամական և սպառնալից հռետորաբանության առնչությամբ։ Սատարում ենք Լաչինի միջանցք և Արցախի Հանրապետություն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու ԵԽԽՎ կոչին։

Ընդգծում ենք  միջազգային մեխանիզմների կիրառմամբ Ստեփանակերտի և Բաքվի միջև խաղաղ երկխոսություն սկսելու վերաբերյալ բանաձևում հնչեցված կոչերը: Վերահաստատում ենք Արցախի Հանրապետության իշխանությունների հետևողական դիրքորոշումը՝ կողմերի համագործակցության և իրավահավասարության սկզբունքների հիման վրա՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափի շրջանակներում, բոլոր վիճելի հարցերն ու հակասությունները քննարկելու, խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության արդարացի, արժանապատիվ և համապարփակ լուծում փնտրելու վերաբերյալ։

Հաշվի առնելով Արցախի ամբողջական անմարդկային շրջափակումը, լիակատար ամենաթողության պայմաններում Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի և հանցավոր գործողությունները, և որպես հետևանք՝ Լեռնային Ղարաբաղում կտրուկ վատթարացող հումանիտար ճգնաժամը, կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին անհապաղ արձագանքել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման անհերքելի փաստերին և հրատապ գործարկել կազմակերպության մեխանիզմները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հետագա խախտումները կանխելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել