Վիճաբանություն և կրակոց Երևանի կենտրոնում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

2023թ. հունիսի 24-ին՝ ժամը 00:24-ի սահմաններում, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի 11Ա հասցեի մոտ հնչած կրակոցի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ նշված հասցեի մոտ երկու տղամարդու միջև անձնական հարցերի շուրջ ծավալված վիճաբանության արդյունքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով, որսորդական հրացանից։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ 12մմ տրամաչափի կրակված պարկուճ։

Տղամարդկանցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» ԲԿ. նախնական տվյալներով՝ ստացած վնասվածքները հրազենային չեն։

Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական փորձաքննություններ։

Վարույթի շրջանակներում, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վիճաբանության մյուս մասնակիցը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել