194 օր է խախտվում են արցախահայերի հիմնարար իրավունքները

Արցախը 194 օր է շրջափակման մեջ է։

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից դեպի Արցախ հումանիտար փախադրումների արգելափակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«Մեկ շաբաթից ավելի է, ինչ ամբողջությամբ դադարեցված են հումանիտար փոխադրումները դեպի Լեռնային Ղարաբաղ, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահների կողմից։ Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումն ավելի է խորացնում վեցամսյա շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Ստեղծված պարենային և դեղորայքային առանց այն էլ սուղ իրավիճակը գոյաբանական լրջագույն սպառնալիքներ է ստեղծում մեր բնակչության համար:

Ադրբեջանը շրջափակման ընթացքում հումանիտար փոխադրումները միշտ էլ գովազդել՝ է ցույց տալու համար, թե իբր միջանցքը արգելափակված չէ՝ փաստորեն գործիք դարնձնելով հումանիտար հարցերը։ Միջազգային անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է կատարյալ անպատժելիության մթնոլորտում՝ անտեսելով 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՄԱԿ֊ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

Ադրբեջանը իրավունքներ է խոստանում՝ հանցավոր կերպով արգելափակելով անգամ հումանիտար հասանելիությունը։ Կարծես թե միջազգային որոշ դերակատարներ կուրորեն հավատում են այդ խոստումներին՝ դիտավորյալ չտեսնելու տալով այն, ինչ իրականում անում է Ադրբեջանը։ Որքա՞ն կարելի է անտեսել իրականությունը։

Ադրբեջանի առաջարկածը էթնիկ զտումն է և բռնի հպատակեցումը․ երկու դեպքում էլ գործ ունենք նույն հանցանքի հետ, որը կոպտագույնս խախտում է մարդու հիմարար իրավունքները՝ մարդու ինքնորոշումը, առանց խտրականության սեփական հայրենիքում ապրելու իրավունքը։
Արդյո՞ք այս իրավիճակը չի խոսում այն մասին, որ միջազգային բոլոր դերակատարները չունեն հանձնառություն հրատապ մեթոդներով հակազդելու Ադրբեջանին։ Արդյո՞ք ձեր կողմից սովորական է դիտվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանական քաղաքականությունը։ 21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120 000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների, իսկ ձեր արածն ընդամենը դրվագային մտահոգություն արտահայտող հայտարարություններ են։

Հումանիտար հասանելիության միտումնավոր խոչընդոտելը միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ես կրկին կոչ եմ անում ձեզ՝ վերջ տվեք այս հանցավոր անտարբերությանը, կանխեք Ադրբեջանի կողմից նոր պատերազմական հանցագործությունը, հասկացեք, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար պատասխանատվությունը նաև ձեր խղճին է։ Ի վերջո, անտարբերությունն ու անգործությունը հավասարազոր են հանցակցության»։

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 194 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել