Արմեն Աշոտյանի պաշտպանը ներկայացրել է վերաքննիչ բողոք

Երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, անձնակազմի միջոցով Արմեն Աշոտյանին, վերջապես, հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նա նաև հայտնել է, որ ներկայացրել է վերաքննիչ բողոքը։

«Ես ոչինչ չեմ ակնկալում վերաքննիչ դատարանից այս բողոքի հետ կապված: Եթե հանկարծ Արմենին ազատ արձակեն, դա կնշանակի միայն, որ քաղաքական հետապնդում իրականացնող կապիտուլյանտը որոշել է ազատ արձակել: Ոչ մի պատրանք, որ կիրականացվի արդարադատություն, մենք չունենք:

Միջնորդել եմ, որ բողոքս քննվի բանավոր՝ միշտ մի տեսակ հաճույք եմ ստանում քաղաքական պատվեր կատարող դատավորի հայացքը փախցնելուց, բայց վստահ եմ, որ կլինի գրավոր ընթացակարգ:

Արմեն Աշոտյանի պայքարը քաղաքական է, հիմա այն վարվում է բանտից և ոչ մեկ նիկոլականներից ողորմություն կամ ազատություն չի աղերսելու:

Դավաճանների հետ երկխոսությունը լինում է կարճ և շատ կոնկրետ»,-նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել