Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում Տիգրան Առաքելյանի կողմից արդեն իսկ տարածված ուղիղ եթերի շուրջ հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեռևս հունիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ է ստացվել Տիգրան Առաքելյանի կողմից։
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Վերջինս նշել է, որ գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում և քննչական մարմնում իր նկատմամբ բռնություն է կիրառվել։ Զանգը ստանալուց անմիջապես հետո Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՁՊՎ, հանդիպել են Տիգրան Առաքելյանի հետ։ Առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված բոլոր հարցերը արձանագրվել են և նույն օրն առանձին գրությամբ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Տիգրան Առաքելյանին քննչական մարմնում խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշենք, որ Տիգրան Առաքելյանը եղել է Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ։
Նրա եղբայրը՝ Հունան Սարգսյանը համացանցով օգնություն է խնդրել։ Ըստ նրա՝ Քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք 3 օր առաջ մտել են իրենց առանձնատուն, խուզարկել ու տարել Տիգրանին։