Արդարադատության ակադեմիայի ռեկտորն ընդունել է Հարություն Կիվիրյանին, ով պատրաստվում է տիեզերք թռչել

Հունիսի 23-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատում որպես փորձարկող տիեզերագնաց ընդգրկված Հարություն Կիվիրյանին: Նախապատրաստական փուլերը հաջող անցնելուց հետո Կիվիրյանը կթռչի տիեզերք հավանաբար 2028 թվականին:

«Ուրախ ենք, որ համաձայնել եք այցելել Ակադեմիա»,-նշեց ռեկտորը և հույս հայտնեց, որ տիեզերքից վերադառնալուց հետո դարձյալ հանդիպելու հնարավորություն կստեղծվի: Ռեկտորը նաև հակիրճ ներկայացրեց Ակադեմիայի գործունեությունը, իսկ Հարություն Կիվիրյանն իր հերթին նշեց, որ տիեզերքին նվիրված օրենսդրությունը շատ կարևոր նշանակություն ունի փորձարկող օդաչուների, բորտինժիներների համար: Հարություն Կիվիրյանի խոսքով՝ ուսուցման շրջանակում ապագա տիեզերագնացներն առանձին դասընթաց են անցնում՝ նվիրված տիեզերական իրավունքին: Հ. Կիվիրյանը ներկայացրեց իր կենսագրությունը՝ նշելով, որ պատմական հայրենիքում է առաջին անգամ և տպավորված է ջերմ ընդունելությամբ:

Ռեկտորը Հարություն Կիվիրյանին պարգևատրեց Արդարադատության ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալով: Հ. Կիվիրյանը ռեկտորին նվիրեց Սևանա լճի լուսանկարը՝ արված տիեզերքից, ռուս փորձարկող տիեզերագնաց Սերգեյ Կուձ-Սվերչկովի կողմից:

Հարություն Կիվիրյանը նաև հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրների հետ, ներկայացրեց իր անցած ուղին, տիեզերք թռչելու նախապատրաստական աշխատանքներին առնչվող հետաքրքրական մանրամասներ, նաև պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես միջազգային տիեզերական իրավունքին, այնպես էլ տիեզերագնացների ուսումնառությանը, առօրյային, նախասիրություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել