«Երևանի համար 39 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել ռազմական գործիչ, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվամբ։
Այս մասին որոշումը Երևանի ավագանին կընդունի հունիսի 27-ին հերթական նիստին։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ այն ներկայացվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի կողմից։
Դպրոցն անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է «Երևանի հ.39 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից, հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից:
Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանը ծնվել է 1897թ. դեկտեմբերի 2-ին Արցախի Ելիզավետպոլ նահանգում:
1934թ. ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, 1938թին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:
Առաջին աշխարհամարտի տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական էքսպեդիցիոն 2-րդ սահմանապահ գնդում:
1918 թ.-ին մասնակցել է թուրքական զորքերի դեմ մղված կռիվներին, մայիսի 22–26-ին՝ որպես Հայկական 1-ին հատուկ հեծելազորային գնդի դասակի հրամանատար մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին:
Հայաստանի խորհրդայնացումից (1920թ.) հետո եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի գնդացրային էսկադրոնի, 1923–31 թթ.-ին՝ հեծելագնդի հրամանատար, ապա՝ 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ:
Հայրենական մեծ պատերազմի նախօրեին գնդապետ Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա՝ Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ: Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Նրա նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և 1941 թ-ի նոյեմբերին
Ռոստովի ազատագրումը:
1941թ.դեկտեմբերին պլանավորել և իրականացրել է Ելեցի ռազմական գործողությունը:
1942թ.-ի սկզբին եղել է Հարավարևմտյան ուղղության օպերատիվ խմբի պետ, 1942թ.-ի հուլիսից նշանակվել է ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: Նրա գլխավորությամբ 16-րդ բանակը պաշտպանել է Մոսկվայի մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում:
1943 թ.-ի հուլիս-օգոստոսին աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և մի շարք հարձակողական ռազմագործողություններում:
1943 թ-ի նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելոռուսական ռազմական գործողություններին, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը:
1944 թ.-ին մասնակցել է Մերձբալթիկայում մղված մարտերին, սեպտեմբերին մոտեցել է Ռիգային:
1-ին մերձբալթյան ռազմաճակատի լուծարումից հետո բանակի գեներալ Բաղրամյանը 3-րդ բելոռուսական ռազմաճակատի կազմում գլխավորել է Զեմլանդական զորախումբը: Նրա հրամանատարությամբ զորքերը վերացրել են հակառակորդի՝ Արևելյան Պրուսիայի խմբավորումը և 1945 թ-ի ապրիլի 6–10-ը գրավել դրա կենտրոն Քյոնիգսբերգ ամրոց-քաղաքը (1946 թ-ից՝ Կալինինգրադ): Ապա նշանակվել է 3-րդ բելոռուսական ռազմաճակատի հրամանատար, իրականացրել ֆաշիստական զորքերի վերջնական ջախջախումը Արևելյան Պրուսիայում:
1945–1954թթ.-ին, Բաղրամյանը եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար: 1954թ.-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախարարի տեղակալ:
1956–58թթ.-ին եղել է Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ:
1959թ.-ից՝ ԽՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ, 1968թ.-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար:
Հեղինակել է ռազմագիտական աշխատություններ և հուշագրություններ ու հոդվածներ, որոնք թարգմանվել են գերմաներեն, հայերեն, լեհերեն, ռումիներեն, հունգարերեն:
Խմբագրել Է ռազմագիտական ուսումնասիրություններ ու դասագրքեր:
Հովհաննես Բաղրամյանը ԽՍՀՄ մարշալ է դարձել 1955 թվականին, Խորհրդային կրկնակի հերոս` 1944 և 1955 թվականներին: Բացի այդ` նա պարգևատրվել է Լենինի յոթ, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի երեք, Սուվորովի 1-ին կարգի 2 և Կուտուզովի 1-ին կարգի շքանշաններով: