Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և տրամադրվածությունների վերաբերյալ՝ այդպիսով փորձելով կորզել իրենց անհրաժեշտ տեղեկությունները:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր Հանրապետության:
Կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: