ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։
Այցի շրջանակում Աշոտ Մուրադյանը, Արմեն Սիմոնյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հանդիպում են ունեցել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կուտակումների և հերթերի գոյացումների կանխմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, հունիսի 15-ին շահագործման են հանձնվել 15 նոր ուղիները, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում են 39 ուղիներ, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։ Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով և օրական միջինում արդեն ձևակերպում է ստանում մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։ Մասնավորապես, սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում, որը կարող է հանգեցնել բեռների ավելի արագ ձևակերպմանը։
Ավելի վաղ՝ ս․թ․ հունիսի 7-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետում գոյություն ունեցող խնդիրներին համատեղ ջանքերով օպերատիվ լուծումներ տալու առնչությամբ: