Ազդարարման բազմաշահառու նոր հարթակ կհիմնվի․ կայացել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հերթական նիստը

Հունիսի 20-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի կառավարման խորհրդի նորընտիր նախագահ Հակոբ Ավագյանը։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև ազդարարման բազմաշահառու հարթակի հիմնման հարցը` մատնանշելով դրա կարևորությունը հակակոռուպցիոն նոր ռազմավարությունում։ Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց, որ ազդարարման բազմաշահառու հարթակը հիմնվում է Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում և կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ` ՔՀԿ-ների և պատկան մարմինների համար:

Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամների միաձայն որոշմամբ հաստատվեց ազդարարման բազմաշահառու նոր հարթակի հիմնման հարցը և Հարթակի պատասխանատու նշանակվեց կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Արկադի Սահակյանը: 

Կարևորելով Կոալիցիայի աշխատանքի արդյունավետության բարձրացումը, որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ Կոալիցիայի կանոնակարգի փոփոխությունների մշակման համար։ Կոալիցիայի կանոնակարգի փոփոխությունների մշակման հանձնաժողովի նախագահ նշանակվեց Կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը:

Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվեցին նաև վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած և հնարավոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող մեկ դեպքի մասին, որից հետո քննարկեցին պետական մարմնի լիազորություններից (Կոալիցիայի կառավարման խորհրդի մի քանի անդամների կարծիքով) դուրս կատարված մեկ այլ դեպքի մասին: Երկու դեպքերի մասով որոշվեց հարցումներ կատարել պատկան իրավասու մարմիններ և պատասխաններ ստանալուց հետո որոշել դրանց մասով Կոալիցիայի անելիքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել