Արցախը 191 օր շրջափակված է։
Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:
Շուշիի շրջանի կրկնակի շրջափակման մեջ հայտնված Հին Շեն համայնքում նույնիսկ ծանր հիվանդություն ունեցող բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու և համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորությունից։
Այս մասին «Արցախպրեսին»-ի հետ զրույցում նշել է Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
«Մինչև երկկողմանի շրջափակումը, պետնախարարի հետ համաձայնեցնելով, պետք է ծանր հիվանդություն ունեցող անձանց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխեինք համապատասխան բուժհաստատություններ, ինչը, սակայն, վերջին դեպքերի պատճառով անհնար է դարձել»,- մանրամասնել է համայնքապետը:
Նրա խոսքով՝ այժմ գյուղում առկա է առաջին անհրաժեշտության դեղորայք որոշակի չափաքանակով, որը կարողացել էին ձեռք բերել մինչև կրկնակի շրջափակումը:
«Այս պահի դրությամբ համայնքում առկա են նաև ալյուր, շաքարավազ, բանջարեղեն: Շուտով Կարմիր Խաչի օգնությամբ նորից պարենամթերք կբերվի։ Արդեն հասունացել են մրգերի որոշ տեսակներ: Մեկ ամիսը կօգտագործենք նաև մեր մշակած բանջարեղենը»,- ասել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս տարի ավելացրել են մի շարք մշակաբույսերի՝ այդ թվում կարտոֆիլի ու կանաչեղենի ցանքսը: Պարենային պաշարը ինչ-որ չափով էլ կարողանում են համալրել անասնապահությունից ստացած մթերքով:
Համայնքապետը մտահոգիչ է համարել նաև հինշենցի ուսանողուհու հետ կապված խնդիրը, ով շրջափակման պատճառով չի կարողացել գյուղից վերադառնալ մայրաքաղաք՝ մասնակցելու գոնե քննաշրջանին:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հունիսի 20-ին հրավիրել է խորհրդակցություն առկա պայմաններում պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված վիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները, աշնանացան մշակաբույսերի հունձի նախապատրաստական աշխատանքները և գարնանացանի ու ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ու առնչվող խնդիրները: Որոշ այլ պաշտոնատար անձինք նույնպես հանդես են եկել զեկուցումներով:
Պետական նախարարը, անդրադառնալով վեցամսյա շրջափակման մեջ գտնվող Արցախի սահմանափակ հումանիտար բեռնափոխադրումների՝ հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից ամբողջությամբ արգելափակելու հանգամանքին, մասնավորապես, նշել է.
«Թեև մենք շրջափակման մեջ ենք գտնվում 2022թ. դեկտեմբերի 12-ից, այդուհանդերձ, այդ ընթացքում, ունենալով շատ քիչ հնարավորություններ, մենք կարողացել ենք որոշակիորեն բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը: Այդ պատճառով մենք հիմա ունենք դիմադրողականության ավելի մեծ աստիճան: Խուճապի մատնվել պետք չէ. իհարկե, այս կամ այն ապրանքատեսակի մասով ունենալու ենք պակասի զգացում, արդեն ունենք շաքարավազի ու ձեթի խնդիր: Ունենք կրիտիկական պահերի համար նախատեսված հնարավորություններ, սակայն դրանց օգտագործմանը հիմա մենք չենք դիմի: Ալյուրի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասով ունենք կայուն վիճակ»:
Գուրգեն Ներսիսյանը, կարևորելով հանրության հետ պատշաճ հաղորդակցությունը, շեշտադրել է, որ պարենային անվտանգությունը հասարակությանը մտահոգող գլխավոր թեմաներից է, սակայն, մյուս կողմից, դրա վերաբերյալ հնարավոր չէ խոսել լրիվ բաց կերպով, քանզի այն առնչվում է անվտանգային նշանակության հարցերի:
Պետնախարարն ընդգծել է, որ առկա խիստ սահմանափակ վառելիքի պաշարները պետք է օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում և խնայողաբար: «Այդ նպատակով պետական համակարգի կողմից վառելիքի օգտագործումը հասցրել ենք գրեթե զրոյականի, փորձելու ենք կազմակերպել հասարակական տրանսպորտի աշխատանքը և գյուղատնտեսական աշխատանքները: Ֆիզիկական անձանց վառելիք տրամադրվում է հիմնականում առողջական խնդիրների հետ կապված հարցերով և յուրաքանչյուր անհատական դեպք ենթարկելով առանձին ուսումնասիրության»,- նշել է Գ. Ներսիսյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի խնդիրները և դրանց լուծման ձևերը: Պետական նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել՝ արագ մշակելու ու իրականացնելու այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները, հավաքագրել ներքին արտադրանքը և կազմակերպել դրա հավասարաչափ բաժանումն ու իրացումը»: