Այսօր պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը, որ նպատակ ունի աջակցել երկրում անկախ մեդիայի կայացմանը։ Ծրագիրն իրականացնում են Ինտերնյուզ կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»-ը։
Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է։
«Ծրագիրը հիմնվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից նախկինում ֆինանսավորված մի շարք նախաձեռնությունների վրա, որոնք առանցքային դեր են ունեցել ոչ միայն Հայաստանում անկախ լրատվամիջոցների ամրապնդման, այլ նաև մեդիագրագիտության կենսական հմտությունների տարածման գործում: Ամերիկայի ժողովրդի անունից ուրախ եմ տեղեկացնել, որ 15 մլն դոլար գնահատված այս ծրագիրը մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ ամենախոշոր ներդրումն է հայաստանյան մեդիա դաշտում»,- միջոցառման բացման խոսքում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
Կիրառելով նորարարական մոտեցումներ՝ ծրագիրը կբարելավի լրագրողական սկզբունքները, կխթանի հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը և կձևավորի նպաստավոր միջավայր՝ հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու համար: Ծրագրի հավակնոտ նպատակներից է ստեղծել մեդիայի աջակցության անկախ ու թափանցիկ հիմնադրամ, որը կսատարի լրատվամիջոցների կայուն գործունեությանը: Լրագրության գերազանցության աքսելերատորի միջոցով ծրագիրը գործնական ուսուցում և մենթորություն կտրամադրի մեդիա մասնագետների և բովանդակություն ստեղծողների համար:
«Ինտերնյուզի համար շատ ուրախալի է Հայաստանում մեկնարկել լրատվամիջոցների համապարփակ աջակցության այս ծրագիրը։ Մենք աշխատելու ենք տարբեր ուղղություններով՝ կայացնելու մեդիա դաշտն ու դարձնելու այն ավելի կենսունակ, զարգացնելու հանրության քննադատական մտածողությունը և մշակելու դաշտի արդյունավետ կարգավորումներ՝ ի նպաստ ողջ հասարակության», – ասաց Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը:
Ծրագիրն անմիջականորեն աշխատելու է Հայաստանի մեդիայի ներկայացուցիչների՝ լրագրողների, խմբագիրների, մենեջերների, այլընտրանքային բովանդակություն ստեղծողների հետ։ Այն կօգնի ամրապնդել կապերը մեդիայի, քաղաքականություն մշակողների, մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, և գործընկերային կապերն ուժեղացնելով՝ կփորձի բարեփոխել դաշտն ու բարձրացնել հասարակության դիմակայունությունը կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկությունների ու աղբյուրների նկատմամբ:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը խորապես հավատում է, որ անկախ մեդիան ժողովրդավարության կայացման հիմնաքարերից է, և իր գործընկերների հետ վճռական քայլեր է ձեռնարկում՝ որակյալ տեղեկատվության տարածման ճանապարհ հարթելու համար՝ ի նպաստ երկրի առաջընթացի:
***
ԱՄՆ ՄԶԳ
ԱՄՆ ՄԶԳ-ն աշխարհի առաջատար միջազգային զարգացման գործակալություն է:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքը նպաստում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու տնտեսական բարգավաճմանը, ի ցույց դնում ամերիկյան առատաձեռնությունը և աջակցում օժանդակություն ստացող երկրի ինքնուրույնությանն ու դիմակայունությանը։
Ինտերնյուզ
Ինտերնյուզը միջազգային հասարակական կազմակերպություն է, որը զինում է մարդկանց վստահելի, բարձրորակ լրատվությամբ ու տեղեկատվությամբ, ինչը թույլ է տալիս կայացնել տեղեկացված որոշումներ, մասնակցել համայնքի կյանքին և հաշվետվողականություն պահանջել իշխանություններից։ Ինտերնյուզն աշխատում է ավելի քան 100 երկրում արդեն գրեթե 40 տարի՝ ստեղծելու առողջ մեդիա և տեղեկատվական միջավայր, հատկապես այնտեղ, որտեղ դա առավել անհրաժեշտ է։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 25 տարի: Կազմակերպությունն աջակցում է արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում է մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ ՄՆԿ-ն առաջնորդվում է «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Դասընթացների կազմակերպման, մեդիագրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունի:
Երևանի մամուլի ակումբ
ԵՄԱ-ն հասարակական կազմակերպություն է, որը միավորում է լրագրողների, հրատարակիչների, ԶԼՄ-ներիղեկավարների և փորձագետների՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից: ԵՄԱ հիմնական նպատակն է աջակցել ազատ, անկախ և որակյալ ԶԼՄ-ների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին:
Զինք նեթվորք
Զինքը միավորում է լրատվամիջոցներին, ինֆլուենսերներին, բրենդերին և ոչ ֆորմալ խմբերին՝ խրախուսելու մարդկանց հոգ տանել ժողովրդավարության մասին և ակտիվորեն մասնակցել դրա կայանցման գործում։ Զինքը նաև համագործակցում է նորարարների հետ, որոնք օգնում են բերել ժողովրդավարությունը թվային աշխարհ՝ այդպիսով տալով մարդկանց ավելի շատ տեղեկատվություն, քան նրանք երբևէ ստացել են։