ՔԿ-ն՝ տղամարդու կողմից մուրճով եղբորը սպանելու դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնի գյուղի բնակչի կողմից եղբորը սպանելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի հունիսի 20-ին` ժամը 07:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գառնիի բաժանմունք է ներկայացել Գառնի գյուղի 54-ամյա բնակիչը և հայտնել, որ սպանել է հարազատ եղբորը՝ վերջինիս գլխին մուրճով հարվածներ հասցնելու եղանակով:

Նույն օրը` ժամը 07:16-ին, «Գառնի շտապօգնության» աշխատակցից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտեցած քաղաքացին հայտնել է հարազատ եղբորը ծեծի ենթարկելու մասին: Շտապօգնության խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել է նույն գյուղի 51-ամյա բնակչին` արնաշաղախ և անգիտակից վիճակում: 

Նույն օրը` ժամը 08:26-ին, տուժողը, «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ,  բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի «Ս.Գ.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ժամը 08:30-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Տուժողի եղբայրը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին՝ սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ ներկայացնելով կատարվածի մանրամասները, տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող մուրճը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, համապատասխան հարցում է կատարվել բժշկական հաստատություն` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հոգեկան առողջության վիճակը պարզելու նպատակով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել