Հունիսի 19-ին, ժամը 19։20-ից Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ Իջևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևը, կարկուտը և քամին պատճառել են զգալի վնասներ:
Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվել և փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Տարածքում ստեղծված իրավիճակի գնահատման և կոմունալ էներգետիկ ենթակառուցվածքների, հաղորդակցման ուղիների ուսումնասիրության նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կան շրջված ծառեր (ավտոմեքենաների, տների և գազատար խողովակների վրա), սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներ, ջրաբերուկներից փակված ավտոճանապարհներ, ջրալցված տներ և շինություններ, վնասված տանիքներ, էներգամատակարարման և գազամատակարարման ցանցի խափանումներ։
Կարկուտի և տեղացած հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են նաև բերքատու այգիներ և մշակաբույսերի ցանքատարածություններ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում:
Հրշեջ-փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը, մեկ հասցեում վերականգնել էներգամատակարարումը:
Տեղում աշխատանքներ են իրականացրել քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկաները, էլ․ ցանցի, գազի վթարային ծառայության և «Լևոն 2» ՃՇՇ-ի բրիգադը։
Հասցված վնասի չափերը ճշտելու նպատակով Տավուշի մարզպետարանում և Իջևանի համայքապետարանում ստեղծվել են հանձնաժողովներ:





