Արցախը 190 օր է շրջափակման մեջ է․ պետնախարարն ահազանգում է

Արցախը 190 օր է շրջափակման մեջ է։

5 օր է Ադրբեջանի կողմից արգելափակվել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։

«Միջազգային արդի հարաբերություններում վայրենություն ու ահաբեկչություն պիտի գնահատվի այն դեպքը, երբ սովի են մատնում 120,000 մարդու, խոշտանգում նրանց, որից հետո ասում՝ եթե չեք ուզում սոված մնալ, խոշտանգվել, եկեք բանակցությունների։ Ավելի քան վեց ամիս է, Արցախը գտնվում է շրջափակման մեջ, արցախցիների նկատմամբ Ադրբեջանը անընդհատ կիրառում է ուժ կամ ցուցաբերում է ուժի կիրառման սպառնալիք, արցախցիները զրկված են գազամատակարարումից, էներգամատակարարումից, պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, բավարար սննդից, տարեցները, հղիները, երեխաները և նորածինները զրկված են խնամքի անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք ձեռք բերելու հնարավորությունից»,-ասել է Արցախի պետնախարարը:

ՌԴ ՊՆ հունիսի 19-ի տեղեկագրում ևս հումանիտար բեռներ Արցախ հասցնելու վերաբերյալ տեղեկություն չկա։

Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Վեց ամիս շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված պարենային առանց այն էլ սուղ իրավիճակը հումանիտար փոխադրումների արգելափակման հետևանքով գոյաբանական սպառնալիքներ է ստեղծում Արցախի 120 000 բնակչության, այդ թվում 30 000 երեխաների, 20 000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից  ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող համայնքները հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին։

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 190 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել