Վերջին օրերին շատերն են հարցնում՝ արդյոք ճի՞շտ է, որ ՏՏ ոլորտում աշխատողների եկամտային հարկը 20%-ից իջնելու է 5%-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Նման նախագիծ (ՏՏ ոլորտի արտահանող ընկերությունների համար եկամտային հարկի արտոնություն տալը) հանրային քննարկման դրել է Էկոնոմիկայի նախարարությունը: Հանրային քննարկման՝ ոչ ավելին:
Նախագծերը դեռ պետք է շրջանառվեն, մնացած գերատեսչությունները կարծիք պետք է հայտնեն, պիտի անցնեն նախանիստով, հետո կառավարության հավանությանն արժանանան, ուղարկվեն ԱԺ, ԱԺ-ն երկու ընթերցմամբ հավանություն տա, երկրի նախագահը ստորագրի, որպեսզի նախագծերը ուժի մեջ մտնեն:
Տվյալ նախագիծն այդ փուլերը չի անցել: Այն ընդամենը հանրային քննարկման է դրված:
Եթե իմ կարծիքն եք ուզում, ես սխալ եմ համարում ՏՏ ոլորտի արտահանող ընկերություններին նման արտոնություն տալը: Բազմաթիվ փաստարկներ կարող եմ նշել՝ ինչու է դա սխալ, բայց քանի դեռ այդ նախագիծը պաշտոնապես ԱԺ-ին չի ներկայացվել, զերծ մնամ մանրամասներից»,-գրել է նա: