Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ 33-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի պահում է զենք-զինամթերք:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Հունիսի 6-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց Էրեբունու բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդի մայրը ոստիկաններին ներկայացրեց մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ: Տանտիկինը նաև հայտնեց, որ ողորկափող հրացանը պատկանում էր հանգուցյալ սկեսրայրին:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդին առաջադրվել է մեղադրանք, նա ձերբակալվել է, ապա դատարանի որոշմամբ` կալանավորվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: