Էլ ավելի է սրվում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում․ ԱՀ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոն

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից լրիվությամբ արգելված են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները՝ Արցախ-Հայաստան սահմանագծին նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած իրավիճակի պատրվակով:

Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից։

Երեկ ու այսօր տեղի չեն ունեցել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար հրատապ կարիքներից ելնելով մարդկանց խիստ սահմանափակ տեղափոխումները, ինչպես նաև երկու օր շարունակ չի իրականացվում սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների փոխադրումը ռուս խաղաղապահների մեքենաներով:

Այս ամենի արդյունքում էլ ավելի է սրվում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում՝ առաջացնելով նոր ծանր խնդիրներ ու պայմաններ բնակչության համար:

Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով հումանիտար փոխադրումների վերաբերյալ տեղեկություններ լինելու դեպքում հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել