Դատարանը Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել. փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնում է, որ իր պաշտպանյալին կալանավորելու վերաբերյալ որոշումը դատարանը չի տրամադրել:

«Կողմերին տրամադրվել է որոշման քաղվածք:

«Որոշման քաղվածք» հասկացություն վերաբերելի օրենսդրության մեջ չկա:

Քրեակատարողական հիմնարկը Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված չէ անձին անազատության մեջ պահելու ինչ-որ քաղվածքի հիման վրա:

Բայց և՛ դատարանը, և՛ արդարադատության նախարարությունը «խորը թքած ունեն» օրենքի վրա և հենց հիմա ապօրինաբար ազատազրկել են Ա.Աշոտյանին»,-նշել է նա:

Հունիսի 16-ին, կեսօրից հետո հայտնի դարձավ, որ դատարանը որոշել է Արմեն Աշոտյանին 2 ամսով կալանավորել։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել