Ապստամբությունը ժողովրդի իրավունքն է, բայց դա վերջին միջոցն է. Դավիթ Հարությունյան

Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ իրավունքի մասին խոսք չկա, մեկնաբանելու բան չկա։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկացած հեքիաթ կարելի է վերցնել և 4-5 բառ հետո գրել հանցավոր մտադրության մասին։ Հարությունյանը կարծում է, որ քաղաքական ուժերը կարող են տարբեր օրակարգեր ունենալ, սակայն նպատակը մեկը պետք է լինի․ ճշմարտության բացահայտումը, որը պետք է հասնի ժողովրդին։

«Սահմանադրությունը ամրագրում է մի շարք բարձրագույն արժեքներ։ Ժողովրդական ապստամբությունը ընդունված է և սահմանադրական իրավունքը դա դիտում է որպես ժողովրդի իրավունք։ Թեև դրա մասին ուղղակիորեն գրված չէ, բայց բավական է բացել սահմանադրական իրավունքի որևէ դասական, միջազգայնորեն ընդունված դասագիրք և դրա մասին այնտեղ գրված կլինի։ Դա չի նշանակում, որ հենց դա է եղանակը կամ դա միակ եղանակն է։ Դա վերջին միջոցն է, որին դիմում է ժողովուրդը։ Այս պահին ես չեմ տեսնում որևէ անհրաժեշտություն ստանդարտ իրավական դաշտից դուրս գործելու համար»,-նշեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ իրավիճակը, առաջին հերթին, պետք է ընկալի ժողովուրդը։

Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանի հունիսի 16-ին որոշմամբ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավերվել է։


Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել