Շարունակում ենք կարծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է, և պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն:
Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական: Այս հարցում մենք պետք է լինենք հետևողական: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում, և հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա:
Ուզում եմ նաև ընդգծել, որ առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի:
Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին:
Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ Հայաստանը պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:
Կրկին ընդգծում եմ, որ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է: Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն: Շնորհակալ եմ»: