Ներդրվում է իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Ներկայացված դիմումի համաձայն սահմանվում են իգական սեռի ՀՀ քաղաքացիների զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները. այս մասին հունիսի 15-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ նախագծի՝ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի ՀՀ քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ դիմումը տալուց հետո նրանք իրավունք կունենան մինչեւ զորակոչի օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Զորակոչված իգական սեռի քաղաքացիների համար առանց վիճակահանության նշանակվում է ուսումնական զորամաս, եւ ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում:
Սուրեն Պապիկյանի խոսքով 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչ լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում զորակոչված իգական սեռի քաղաքացիները կստանան պատվովճար՝ 6 ամիսը ծառայելու պարագայում՝ 1 մլն դրամի չափով, իսկ վաղաժամկետ զորացրվելու պարագայում՝ նախատեսված գումարը 6 ամսվա բաժանելու եւ փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված գումարի չափով:
6-ամսյա ժամկետը լրանալու հիմքով նրանց իրավունք կտրվի զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային ծառայության:
«Զորացրված իգական սեռի քաղաքացիները հաշվառվելու են պահեստազորում՝ զինվորական կոչմանը եւ ռազմահաշվառման մասնագիտությանը համապատասխան»,- ասել է ՊՆ նախարարը:
Նախագծով սահմանվում են նաեւ դիմում ներկայացնող իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառման եւ զինվորական հաշվառումը դադարեցնելու դեպքերը:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է առաջին ընթերցմամբ: