ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։
«Հատկապես հիմա, ամենաարժեքավոր ժանրը, որը մենք պետք է կիրառենք, դա ինքնահայեցումն է։ Երբ Գեղամ Մանուկյանը խոսում էր, ես հերթական անգամ նայում էի մեր պետական զինանշանին։ Երևի սովորական պայմաններում սա չէի ասի, որովհետև հնարավոր է, որ էլի շահարկման առիթ տա, բայց դա ինձ չի վախեցնում։ Նաև ուզում եմ ընկալեք, այն, ինչ հիմա կասեմ, պարզապես մտքերը կիսելու փորձ (պատգամավորներն անհանգիստ շարժումներ են անում, պետք չի)։
Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա։ Նոյան տապանը՝ Արարատ սարի վրա, Հայաստանի 4 դինաստիաների զինանշանները և միշտ այդ զինանշանին նայելիս, միշտ չէ, բայց վերջերս, ինձ մոտ հարց է ծագել, իսկ այդ զինանշանը երբ 1991 թվականին, եթե ընդունել են, այդ պատկերը, որը մեզ համար սրբություն է, մեզնից յուրաքանչյուրի համար, իսկ 91 թվականին հիմնադրված պետության հետ ինքը ի՞նչ կապ ունի։ Ի՞նչի մասին է։ Ընդ որոում՝ նայելով կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյան տապանն է, իսկ Հայաստանի այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է։
Առյուծ՝ որը վաղուց Հայաստանի բնական պայմաններում չի ապրում, և այս խնդիրը, որը մենք քննարկում ենք իրականում մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի»,-ասաց նա։
Ըստ վարչապետի դիտարկման՝ իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին։
«Սա է այն քաղաքական և դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պիտի տանք։ Եթե մենք ցանկանանք այս հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների։ Ի վերջո պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում են Հայաստանի տարածքոււմ, իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսել եք ինչ վիճակում է։ Բա այդքան ավանդույթներից եք խոսում, արժեքներից ենք խոսում, մեր պատմական մայրաքաղաքները այսօր ավերակներ են: Հազար ներողություն, կարող է շատ ճոռոմ բան ասեմ՝ ես չեմ պատկերացնում մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրի, չի կարող նման բան լինել, բացառված է, որովհետև, եթե ես մտածեմ, որ որևէ մեկը ինձնից շատ է սիրում իմ հայրենիքը, դա նշանակում է, որ ես հայտարարում եմ, որ ես չեմ սիրում իմ հայրենիքը, բոլորդ պետք է այդպես մտածեք»,-ասաց նա։