Կալանավորումների վտանգը թակելու է երկիրն իրապես սիրող բոլոր մարդկանց դռները․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով այսօր  ձերբակալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 

Սա հերթական արձանագրումն է, որ գործող իշխանությունները երկրի ներսում մթնոլորտը փոխելու, հասարակությունը կոնսոլիդացնելու, այդ կերպ արտաքին մարտահրավերներին դիմակայելու փոխարեն շարունակում են հասարակությանը ցնցումների տանելու, օրակարգային գլոբալ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու գործելաոճը:

Իրենց համար անցանկալի մարդկանց առկախված վիճակում պահելու, լռեցնելու նպատակով նրանք  տարիներ շարունակ ձգձգվող քրեական գործերով ցանկացած պահի գնում են ձերբակալությունների, կալանավորումների: Ընդ որում ակնհայտորեն անհիմն պատճառաբանություններով, որն արտաքուստ իրավական, մինչդեռ իրականում քաղաքական շոուի է վերածվում:

Խիստ մտահոգիչ է, որ այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ թշնամին ամուր աքցանների մեջ է առել մեր հայրենիքը` օրավուր ուժեղացնելով ճնշումը: Ստեղծված պայմաններում իշխանությունների այս վարքագիծն առերույթ բխում է թշնամու շահերից, քանզի մեզ տիրելու համար նրանց անհրաժեշտ է տրոհված, անդամահատված Հայաստան, դիմադրողականությունը կորցրած, վախվորած հայություն:

Այս ամենը վկայում է, որ անհիմն ձերբակալությունների, կալանավորումների վտանգը թակելու է երկիրն իրապես սիրող բոլոր մարդկանց դռները, ուստի ելքը տարաձայնությունները մի կողմ թողնելն է, համախմբվելը…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել