Պաշտոնից ազատում և կարգապահական տույժեր՝ Գլխավոր դատախազի հրամաններով

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ 2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 02:05-ի սահմանում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցի 1 հասցեի դիմաց՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր վարած ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու ուղևոր ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:

Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 9-ի որոշմամբ՝ հաստատված է համարվել Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կարգապահական խախտման առկայությունը, մեղավորությունը և դրական եզրակացություն է տրվել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությանը:

Նախքան Գլխավոր դատախազի կողմից կարգապահական տույժ նշանակելը՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։

Գլխավոր դատախազի 2023 թվականի հունիսի 12-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, առանց համապատասխան թույլտվության և հարգելի պատճառի, չորս օր աշխատանքի է ներկայացել ուշ՝ ժամը 14:00-ի, 14:15-ի, 14:20-ի և 15:30-ի սահմանում:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքային ժամին ծառայողական աշխատասենյակում, աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն չկապված տեսանյութ է նկարահանել և հրապարակել սոցիալական կայքում, որը տարածվել է համացանցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել