Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր բանակի համար նվիրաբերված գումարներ են յուրացրել․ ՀՀ ՌՈ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ-ի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500.000-1.000.000 ՀՀ դրամ գումար, որի զգալի մասն առերևույթ յուրացրել է:

Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ Է.Ս.-ն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով բանկային հաշվեհամարներ, ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ արտերկրում բնակվող անձանցից հավաքագրել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար գումար՝ իբր բանակի համար անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և նվիրաբերելու նպատակով։ Մինչդեռ պարզվել է, որ նշված գումարի մեծ մասն առերևույթ յուրացրել է:

Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի հատկանիշներով (խարդախություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` ՀՀ զինված ուժերին օժանդակության պատրվակով, անձնական շահագրգռություններից ելնելով, հակաիրավական և հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, նման դեպքերին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ զինված ուժերի բարի համբավին և հեղինակությանը վնասելուն, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներին մոլորության մեջ գցելուն ուղղված ցանկացած գործողությունից:

Միաժամանակ օրինապահ քաղաքացիներին կոչ ենք անում նմանատիպ գործունեությամբ զբաղվող անձանց կամ սոցիալական ցանցերի օգտատերերի մասին տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը կամ ցանկացած իրավապահ մարմնի»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ծանուցում․ ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել