ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունիսի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հետ տարաձայնությունների մասին լուրերին։
«Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, ՀՅԴ Բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը, ով մեծ ավանդ ունի և՛ Դաշնակցության, և՛ ՀՀ-ի ու Արցախի պետականության կայացման մեջ։ Մեր միջև որևէ տարաձայնություն չի կարող լինել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։
Միաժամանակ նա նշել է, որ ՀՅԴ վերջին գերագույն ժողովը թեժ է անցել. «Այո՛, Դաշնակցության բոլորը ժողովներն անցնում են թեժ՝ հատկապես այս մեկը, քանի որ որևէ դաշնակցական չի կարող հանգիստ լինել մեր երկրում ստեղծված իրավիճակով։ Այո՛, մենք ունեցել ենք շատ բուռն քննարկումներ, Դաշնակցության ներքին ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ Դաշնակցության շարքերը բաց, անկաշկանդ, երբեմն անխնա քննադատեն իրենց ղեկավարությանը, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս ենք գալիս միասնական և լծվում ենք մեր որոշումներն իրագործելու գործին»։