Առաջարկվում է հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտելու դեպքում կրկնապատկել տուգանքի չափերը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուղղված է Հայաստանում բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, օգտագործման եւ պաշտպանության նկատմամբ հանրային եւ վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն:

Նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկում է բարձրացնել օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաեւ սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ` վեց ամսվա ընթացքում:

Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու դեպքում նախատեսվում է կրկնապատկել գործող վարչական տույժերի չափերը` քաղաքացիների համար տուգանքի չափն ութսունապատիկից դարձնելով հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար` երեքհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը 6 ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` երեքհարյուրհիսնապատիկի չափով:

Օրենսգրքում լրացումներով հեղինակն առաջարկում է նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքում կրկնապատկել տուգանքի չափերը:

Հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը եւ պատասխանելով պատգամավորների հարցերին` Լիիթ Գալստյանը նշել է. «Հուշարձանների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների բացակայության, ինչպես նաեւ գործողների ոչ պատշաճ կիրառման հետեւանքով խաթարվում են պատմության, բնության հուշարձանների պահպանման կարգերը»: Հեղինակը հույս է հայտնել, որ փոփոխությունները նպաստելու են առկա խախտումների նվազմանը:

Զեկուցողը բարձրաձայնել է նաեւ մի շարք երկրներում գործող տուգանքների չափերը:

Լիլիթ Գալստյանի խոսքով մշակութային հուշարձանների ժառանգության պահպանման նկատմամբ պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել միայն վարչական տուգանքների սահմանմամբ: Պատգամավորը նշել է, որ հետագայում կառաջարկի համապատասխան լրացումներ կատարել նաեւ Քրեական օրենսգրքում:

Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում նախագծով առաջարկվող տուգանքների չափերի վերանայումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել