Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը 5 տոկոս դարձնելու մասին նախագիծը։
Հիշեցնենք, որ այժմ Հայաստանում եկամտային հարկը 20% է, իսկ ՏՏ շատ ընկերություններ օգտվում են 10% եկամտային հարկ վճարելու արտոնությունից։
Նախարարությունը հիմնավորման մեջ նշել է, որ նախագծով առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է 5% եկամտային հարկ սահմանել ՏՏ այն ընկերությունների համար, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից։
«2022 թվականի տարեսկզբից նկատվող և այժմ պահպանման միտում ունեցող արտարժույթների, հատկապես ԱՄՆ դոլարի արժեզրկումն ուղղակի բացասական ներգործություն ունի Հայաստանի այն տնտեսվարողների գործունեության վրա, որոնց ֆինանսական հոսքերի գերակշռող մասը ձևավորվում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների արդյունքում։ Ավելին, ԱՄՆ դոլարի շուրջ 20 տոկոս արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը՝ խոչընդոտելով կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծի ընդունման դեպքում՝ արտոնությունից կկարողանան օգտվել ՏՏ հետևյալ ենթաոլորտները՝ «Համակարգչային ծրագրերի հրատարակություն», «Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում», «Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ»։
Այլ հիմնավորումներ նախագիծը չունի։