Փոփոխություններ են նախատեսվում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լուծել գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, որոնք կապված են վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաև Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում, վարչական պաշտոն զբաղեցնող անձի և նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը (մասնավորապես օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը և 6-րդ հոդվածի 3-րդ մասը) նախատեսում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաև Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում, վարչական պաշտոն զբաղեցնող անձի և նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգ: Այնուամենայնիվ, անձի՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարման և պաշտոնավարման դադարեցման իրավահահարաբերություննեում առկա են որոշակի անհստակություններ, ինչը գործնականում, այդ թվում՝ դատական պրակտիկայում, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս՝ առաջացնելով ծանր իրավական հետևանքներ:

Մասնավորապես, գործող կարգավորումների պայմաններում պարզ չէ, թե ժամանակավոր պաշտոնակատարի՝ մինչև իր պաշտոնում նշանակում կատարելու իրադարձության վրա հասնելու փաստով սահմանափակված պաշտոնավարումը, արդյո՞ք ենթադրում է հետագայում ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող անձին պաշտոնից ազատելու պահանջ: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնից ազատման առանձին հրամանի (որոշման) ընդունման անհրաժեշտություն առկա չէ, քանի որ օրենքում նախատեսված կարգավորումները ենթադրում են պաշտոնում նոր նշանակման կատարման հիմքով օրենքի ուժով, ինքնաբերաբար, պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարից ազատում, այնուամենայնիվ, պարզ չի այն հարցը, թե ինչպես է ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող անձը տեղեկացվում իր պաշտոնավարման դադարեցման մասին: Հատկանշական է նաև, որ պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի (ինչպես նաև նախարարի, համայնքի ղեկավարի) փոփոխության դեպքում նույնպես անձը չի ազատվում իր զբաղեցրած պաշտոնից: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ պաշտոնում վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխությունից հետո անձը նշանակվում է այդ պահին թափուր չհանդիսացող պաշտոնում:

Միևնույն ժամանակ, կարգավորված չէ այն հարցը, թե վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության հիմքով օրենքում մատնանշված մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարելը ինչ իրավական հետևանքներ է առաջացնում և արդյոք ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող անձը պաշտոնավարումը շարունակելու համար պետք է վերստին նշանակվի համապատասխան վարչական կամ քաղաքական պաշտոնում:

Մատնանշված խնդիրները վերաբերելի են նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում՝ անմիջական ղեկավարի փոփոխության ժամանակ:

Հաշվի առնելով վերը մատնանշված խնդիրները, նախագծով առաջարկվում է հստակ կարգավորման ենթարկել վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաև Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում, վարչական պաշտոն զբաղեցնող անձի և նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝

-անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի (ինչպես նաև նախարարի, համայնքի ղեկավարի) փոփոխության դեպքում նոր նշանակում կատարելու համար սահմանել անձին նախապես ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու պահանջը, ընդ որում՝ պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելը պետք է իրականացվի նույն ընթացակարգով, ինչ պաշտոնից նշանակելու և ազատելու դեպքում՝ տվյալ պաշտոնում նշանակելու և ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից (ըստ անհրաժեշտության, համապատասխան պաշտոնատար անձի առաջարկության հիման վրա),

-հստակեցնել օրենքում մատնանշված մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարելու դեպքում առաջացող իրավական հետևանքները՝ սահմանելով նոր նշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատվելու վերաբերյալ կարգավորում,

-վերը նշված խնդիրների լուծմանն ուղված կարգավորումներ սահմանել նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել