Գործարքների (գործառնությունների) փաստաթղթավորման համար կսահմանվի e-invoicing համակարգի «վեբ» տարբերակի կիրառմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել կառավարության 2017 թ․ հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով նախատեսվում է սահմանել Հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում գործարքների (գործառնությունների) փաստաթղթավորման համար «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի «վեբ» տարբերակի կիրառմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով նախատեսվում է․

1) սահմանել, որ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում նախատեսվող` էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (հաշվարկային փաստաթղթերի համակարգ) միջոցով, որը «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի «վեբ» տարբերակն է: Այդ համակարգի միջոցով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվելու`

– էլեկտրոնային եղանակով` ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում,

– հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրերով,

– հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով,

2) համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման մասով «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգում նախատեսված հնարավորությունները կատարելագործել և ներառել հաշվարկային փաստաթղթերի համակարգում: Մասնավորապես.

ա. հաշվարկային փաստաթղթերի մասով հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, օգտագործումը, դուրս գրված և (կամ) ճշգրտող հաշվարկային փաստաթղթերը, գործարքի կողմ չհանդիսանալու դեպքում ստացած հաշվարկային փաստաթղթերի դարանից դրանց ջնջումը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչումը և (կամ) չեղարկումը հաշվառվելու են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում,

բ. էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար հարկ վճարողը հաշվարկային փաստաթղթի համակարգում է ընտրելու դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից համապատասխան տեսակը և ձևը,

դ. հաշվարկային փաստաթղթերի համակարգը ապահովելու է դուրս գրված և ստացված հաշվարկային փաստաթղթերի ցանկերի, հաշվետվություննների  վերածումը «էմ էս էքսել» (MS Exel) ֆայլի և այդ հնարավորությունները կօգտագործվեն հաշվապահական և այլ հաշվառման նպատակով անհրաժեշտ հաշվարկների կատարման համար,

ե. անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթն անվավեր է ճանաչվելու հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան,

զ. հաշվարկային փաստաթղթերը չեղարկվելու են հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան,

3) որոշումն ուժի մեջ է հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) գործարկման օրվանից և այն կիրառվելու է որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի մասով: Միաժամանակ, նախատեսվում է, որ հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) գործարկման օրվա մասին տեղեկատվությունը հարկային մարմինը պետք է հրապարակի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում, ինչպես նաև հարկ վճարողի էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում,

4) անցումային դրույթներով նախատեսել, որ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը (մինչև հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) գործարկվելը) հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) ծրագրի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում չեղարկվում, անվավեր են ճանաչվում, այդ փաստաթղթերի մասով ճշգրտող հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում, ստացված հաշվարկային փաստաթղթերը վավերացվում են կամ գործարքի կողմ չհանդիսանալու դեպքում ստացված հաշվարկային փաստաթղթերի դարանից դրանք ջնջվում են «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) ծրագրի միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել