Կարևոր պարզաբանում՝ ծխախոտի տուփերի վերաբերյալ․ Բաբկեն Թունյան

Խնդիրն այն է, որ ծխախոտի փաթեթավորման և մակնշման մեր պահանջները չեն կարող տարբերվել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Կարևոր պարզաբանում՝ ծխախոտի տուփերի վերաբերյալ

Այսօր շատ լրատվամիջոցներ, հղում անելով ինձ, նշել են, որ 2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտը կվաճառվի սպիտակ տուփերով:

Իրականում, դա ոչ թե նորություն է, այլ հիշեցում, որ 2020 թվականին ընդունված օրենսդրական փաթեթում, ի թիվս այլ սահմանափակումների (ծխելու արգելք՝ հանրային սննդի վայրերում, ցուցադրության արգելք և այլն), կա նաև, այսպես կոչված, պարզ փաթեթավորման պահանջը:

Դա նշանակում է, որ բոլոր տուփերը պետք է լինեն նույնատիպ, նույն գույնի տուփերով՝ առանց տարբերանշանների, լոգոյի և դիզայնի այլ էլեմենտների: Այս դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը 2024 թվականի հունվարի 1-ն է:

Իսկ ինչու եմ այդ մասին հիշեցրել հանձնաժողովի այսօրվա նիստում:

Խնդիրն այն է, որ ծխախոտի փաթեթավորման և մակնշման մեր պահանջները չեն կարող տարբերվել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերից: Իսկ ըստ այդ կանոնակարգի, ծխախոտը պետք է վաճառվի ծխելու հետևանքով տարբեր հիվանդություններ պատկերող նկարներով:
2020 թվականին, երբ այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում էր օրենքը, մենք հարցրեցինք՝ իսկ 2024 թվականին հակասություն չի՞ առաջանալու ԵԱՏՄ-ի հետ: Հարցին ի պատասխան՝ նշվել է, որ մինչ այդ պետք է փորձենք համոզել ԵԱՏՄ գործընկերներին, որ կանոնակարգերը համապատասխանեցնեն մեզ:

Այս դրույթի ուժի մեջ մտնելուն մնացել է 7 ամիս, և հավանականությունը, որ ԵԱՏՄ-ն իր տեխնիկական կանոնակարգը կփոխի, շատ ցածր է:
Դրա համար, այսօր արդեն մեր գործընկեր պատգամավոր Արսեն Թորոսյանին, ՀԻՇԵՑՆԵԼՈՎ այս մասին, հարցրել եմ՝ ի՞նչ է լինելու հունվարի 1-ից հետո:

Արդյո՞ք պետք է մեր ընդունած օրենքը փոխենք, թե պետք է ընդունենք ԵԱՏՄ-ի պայմանները: Թե՞ այլ բան պետք է անենք:
Իսկ սա կարևոր հարց է, որովհետև ծխախոտ արտադրող և ներմուծող ընկերություններին կանխատեսելիություն և հստակություն է պետք: Տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, և մարդիկ պետք է իմանան՝ ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել