Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով, սակայն ազատ կարձակվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու ենթադրյալ առևանգման գործով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Ազգուշ Մարտիրոսյանը (Գայանե Մարտիրոսյան) մեղավոր է ճանաչվել դատարանի վճռով և դատապարտվել 4 տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի` 1 տարվա փորձաշրջանով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հենց Աշոտ Փաշինյանը․ «Որևէ միջնորդություն և առարկություն չի հնչել»։

Նա նշեց, որ իրավական համակարգը պետք է և սպասարկում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը․ «Իրավապահ համակարգի աշխատանքն է պաշտպանել իմ շահերն այս դատական նիստի ընթացքում»։

Աշոտ Փաշինյանը հայտնեց նաև, որ ինքն ու հանրային մեղադրողը նիստի ժամանակ չեն առարկել նաև ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդությանը։

«Գայանե Հակոբյանի ցանկությամբ է նիստը դռնփակ անցել։ Կարծում եմ՝ այնտեղ հանգամանքներ կան, որոնք նա չի ուզում հրապարակային հայտարարել»,-ասաց գործով տուժող ճանաչված Աշոտ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող Վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ։ Դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցնել:

Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել: Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:

Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը այժմ քննվում է դատարանում։ Մեղադրանք է առաջադրվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Մարտիրոսյան)։ Գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել