Հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը կվաճառվի սպիտակ տուփերով, դրանց վրա ոչինչ նկարված չի լինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ նախատեսված է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը պատճառված վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքով, որն ընդունվել է 2020 թվականի փետրվարի 13-ին։

«Ծխախոտը, համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, պետք է վաճառվի առողջության հետ կապված բացասական պատկերներով։ Փոխելու ենք արդյո՞ք մենք օրենքը ու համապատասխանեցնելու ենք ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին, թե՞ միությանն ենք խնդրելու փոխել այն ու ընդունել մերը։ Միգուցե մենք պատրաստվում ենք դիմել խնդրանքով, որ Հայաստանի համար պահպանվի ներկայիս ռեժիմը»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ համոզված է՝ այս հարցին պետք է մոտենալ նաև արտադրողների տեսանկյունից։

«Նրանք պետք է հստակ իմանան, թե ինչ է լինելու: Ընդ որում՝ 6-7 ամիս առաջ։ Նրանք պետք է դրան պատրաստ լինեն»,- ընդգծեց պատգամավորը։

Նրան պատասխանեց իշխող խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Այս հարցով, նրա կարծիքով, պետք է զբաղվեն էկոնոմիկայի նախարարությունը եւ մյուս պատասխանատու գերատեսչությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել