Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում այսօր` հունիսի 9-ին, շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նախնական դատական նիստը։
Դատարանի շենքից դուրս գալով 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Մարտիրոսյան) պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ իր պաշտպանյալը հրաժարվել է գործով ներգրավված փաստաբաններից։
«Դիրքորոշման փոփոխություն կար մեր՝ պաշտպաններիս և մեր վստահորդի միջև, որի կապակցությամբ մեր պաշտպանությունն այլևս չի իրականացվելու Գայանեի նկատմամբ»,-նշեց նա։
Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ դա Ազգուշ Մարտիրոսյանի ցանկությունն է եղել. «Մեր պաշտպանյալի ցանկացած դիրքորոշում և ցանկություն մեզ համար ընդունելի է և հարգելի»։
Դատարանը որոշել է հանրային պաշտպան ներգրավել։
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի փաստաբաններն են նաև Վարդուհի Էլբակյանը և Գեորգի Մելիքյանը։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ պաշտպանները դադարեցնում են իրականացնել Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող Վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ։ Դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցնել:
Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:
Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել: Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:
Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը այժմ քննվում է դատարանում։ Մեղադրանք է առաջադրվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Մարտիրոսյան), որն այժմ կալանավորված է։
Գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: