Ներդրվել է նոր վեբ ծառայություն. համագործակցություն ՀԿԱԾ-ի և Ճանապարհային ոստիկանության միջև

Արդարադատության նախարարության  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համագործակցության արդյունքում ՃՈ ծառայության կողմից տրամադրվել է վճարումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վեբ ծառայություն, որն ինտեգրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում։

Ծրագրային ինտեգրման շնորհիվ՝ ինքնաշխատ եղանակով բեռնվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումներով նշանակված տուգանքները ՃՈ ծառայության հաշիվներին կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ինքնաշխատ եղանակով բեռնելու և մշակելու արդյունքում Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հիման վրա հարուցված կատարողական վարույթներում ինքնաշխատ մուտքագրվում են այն տուգանքների վճարումները, որոնք կատարողական վարույթի առկայության պարագայում քաղաքացիների կողմից կատարվել են ուղիղ մարման ձևով՝ ՃՈ հաշվեհամարներին, մինչդեռ պետք է վճարվեին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվեհամարներին։  

Ծրագրի շնորհիվ՝ այն դեպքում, երբ վճարումը կատարվել է մինչև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը, կատարողական վարույթը ինքնաշխատ կկարճվի, և արգելանքները կվերացվեն։ 

Սակայն եթե վճարումը կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացնելուց հետո, ապա պարտավորության չափն ինքնաշխատ կնվազեցվի վճարված գումարի չափով, իսկ կատարողական ծախսը գանձելուց հետո կատարողական վարույթն ինքնաշխատ կկարճվի, և արգելանքները կվերացվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել