Հայաստանում համակարգային կոռուպցիան չի վերացել, ինչպես նշում են իշխանությունները․ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը՝ խոսելով ՀՀ օրենսդրության իրավական կոլիզիաների և դրանց կոռուպցիոն հետևանքների մասին:
«Անհրաժեշտ է անհապաղ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել ՀՀ օրենսդրության կոլիզիաները, անհամապատասխանություններն ու սողանցքները վերացնելու ուղղությամբ: Դրանք պարարտ հողեն ստեղծում երկրում համակարգված կոռուպցիան զարգացնելու համար: Եւ դրա արդյունքում երկրում խորանում է սոցիալական անհավասարլւթյունը, ինչի արդյունքում հանրային աշխատողներն արագորենև անհագորեն հարստանում են, իսկ ՀՀ հպարտ քաղաքացիները՝ որպես տուգանքի մատերիալ շարունակաբար աղքատանում են՝ դառնալով անմեղ իրավախախտներ ու հանցագործներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ համակարգային կոռուպցիայի այլակերպման դրսևորումները շատ են և տարաբնույթ: Դրանց հիմքը ՀՀ օրենսդրության մեջ իրավական կոլիզիաների առատությունն է, ինչից վարպետորեն օգտվում են օրենքով իրավունք ունեցող բոլոր մակարդակի պաշտոնյաներն ու հանրային աշխատողները:
«Համակարգային կոռուպցիան այլակերպվել է և դարձել իշխող կուսակցության անդամների, նրանց հավատարիմ ու նվիրված անձանց համար անձնական և խմբակային շահերի սպասարկմանն ուղղված քաղաքականություն պետական-հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Ավելին՝ հների կողքին առաջացել են նոր օլիգարխներ, Հայաստանում ազատորեն շարունակում են գործել իշխանություններին մոտ կանգնած նախկին օլիգարխները, որոնք այժմ անարդարացիորեն կոչվում են խոշոր սեփականատերեր: Ավելին՝ նրանց կողքին ավելացել են իշխանության շարքերից նոր օլիգարխներ, ովքեր դարձել են երկրի տնտեսության յուրահատուկ մենաշնորհատերերը», ասաց Մովսես Արիստակեսյանը: